Մեդիա

Չէի սպասում նման արդյունք. «Վիցե Միսս» Անահիտ Իսահանովա

Հոկտեմբերի 5, 2017

«Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում «Վիցե-միսս» տիտղոսին արժանացավ Լատվիայից գեղեցկուհի Անահիտ Իսահանովան։

Նշենք, որ մրցույթում մասնակցում էին հայուհիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։

Անահիտը 23 տարեկան է, մասնագիտությամբ ՝հեռուստահաղորդավարուհի։  Գեղեցկուհին մեր երկիր էր ժամանել հատուկ մրցույթին մասնակցելու նպատակով եւ, ինչպես ինքն է ասում, սիրահարվել է Հայաստանին։

Wnews.am-ին տված հարցազրույցում Անահիտը պատմել է մրցույթից ստացած իր տպավորությունների, հետագա ծրագրերի մասին։

-Անահիտ, «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում արժանացար «Վիցե-Միսս» տիտղոսին։ Արդյո՞ք այն քեզ համար սպասելի էր։

-Ես շատ էի ցանկանում, բայց չէի սպասում նման արդյունքի։ Դա ինձ համար մեծ պատիվ է եւ կարծում եմ, որ «Վիցե-Միսս» տիտղոսը  «Միսս Արմենիա» տիտղոսից պակաս կարեւոր չէ։

-Ի՞նչ կարծիքի ես մրցույթի մասին, ի՞նչ տվեց այն քեզ։

-Շատ երջանիկ եմ, որ մասնակցեցի այս մրցույթին։ Շնորհիվ մրցույթի, սովորեցի քայլել պոդիումով, բայց ինչն ավելի կարեւոր է, ձեռք բերեցի նոր ընկերներ ամբողջ աշխարհից։ Մրցույթը շատ լավ էր կազմակերպված, տպավորություններս անկրկնելի են։

-Դու ապրում ես Լատվիայում եւ մրցույթից ժամեր անց մեկնեցիր այնտեղ։ Ինչպե՞ս դիմավորեցին ծնողներդ ու մտերիմներդ։

-Ինձ շատ ջերմ դիմավորեցին։ Բոլորը եկել էի օդանավակայան եւ  չնայած այստեղի վատ եղանակին՝ ընդունելությունը շատ ջերմ էր։

-Մրցույթի շնորհիվ երրորդ անգամ այցելեցիր Հայաստան։ Ի՞նչը տպավորվեց։

-Այո, առաջին անգամ հայրենիքումս եղել եմ երեք տարեկանում։ Տպավորություններս անսահման են եւ աննկարագրելի։ Ես սիրահարվեցի Հայաստանին, զգացի այդ ձգողականությունն ու ներսումս հասկացա, որ դա իսկապես իմ հայրենիքն է։

-Ե՞րբ ես պլանավորում կրկին գալ Հայաստան։

-Իրականում ուզում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ, սակայն ամռանը հաստատ կգամ, իսկ եթե հնարավորություն ունենամ՝ ավելի շուտ։

-Ի՞նչն է քո կյանքում փոխվել մրցույթին մասնակցելուց եւ տիտղոսին արժանանալուց հետո։

-Ավելի մեծ ուշադրություն եմ զգում հանրության կողմից, ինչն էլ նշանակում է՝ ավելի մեծ պատասխանատվություն։

-Ի՞նչ կարծիքի ես հաղթող Լիլի Սարգսյանի մասին։

-Լիլին շատ նուրբ, փխրուն եւ հաճելի աղջիկ է։ Կարծում եմ՝ նա արժանի կներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ» մրցույթում։ Ընդհանրապես բոլոր աղջիկներն էլ իրարից տարբեր էին ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ եւ շատ դժվար էր հասկանալ՝ ով կլինի առաջինը։ Կարծում եմ, չնայած համացանցում շատ բացասական մեկնաբանություններին, Լիլին արժանի հաղթող է։

-Կպատմե՞ս քո մասին, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։

-Ես հեռուստահաղորդավարուհի եմ, սակայն մի շարք այլ հետաքրքրություններ ունեմ։ Ունեմ գրված երգեր, որոնց տեքստերի հեղինակը եւս ես եմ. դեռ մանկուց երգել եմ։ Երբ փոքր էի, պապիկս է ինձ տարել վոկալ ստուդիա։ Ցավոք նա մեզ հետ չէ իմ կյանքի այս կարեւոր շրջանում,  սակայն վստահ եմ, որ միեւնույնն է, հետեւում է երկնքից եւ պաշտպանում ինձ։ Բացի այս նկարահանում եմ տեսանյութ։ Վերջերս սկսել եմ պատրաստել բնական քարերից աքսեսուարներ։ Եվ, իհարկե, սիրածս զբաղմունքներից է սպորտը։ Մի քանի տարի է՝ զբաղվում եմ բռնցքամարտով եւ քինգբոքսինգով, որից հետո փորձել եմ քրոսֆիտը։

-Պատմիր ընտանիքիդ մասին։

-Ընտանիքս իմ ամրությունն է։ Ամենը, ինչ անում եմ, հենց իրենց եմ նվիրում։ Ծնողներս ինձ շատ բան են սովորեցրել եւ ինձ համար նրանք ամենասիրելի մարդիկ են։ Նույնը կարող եմ ասել եղբայրներիս մասին. ես ընտանիքի միակ դուստրն եմ։ Ավագ եղբայրս  27, իսկ կրտսեր եղբայրս 12 տարեկան է։ Նրանք իմ պաշտպաններն ու ընկերներն են։ Չնայած մեծացել եմ բոլորովին այլ մենթալիտետով երկրում, ընտանիքս հետեւում է հայկական բոլոր ավանդույթներին, տոներին եւ կանոններին. ամեն կիրակի մենք հայկական եկեղեցի ենք գնում, որտեղ ծառայությունից հետո ես եւ կրտսեր եղբայրս հայերեն ենք սովորում։ Ուզում եմ այդ լեզուն կատարյալ իմանալ։

-Կցանկանայի՞ր մասնակցել այլ գեղեցկության մրցույթների։

-Այո, առաջարկների դեպքում մեծ սիրով կրկին կմասնակցեմ։