-Մասնակցելու որոշումս շատ հանկարծակի էր։ Մորս հետ ճաշելիս ռադիոյով լսեցի մրցույթի մասին հայտարարությունը եւ որոշեցի մասնակցել։ Հորս ոչինչ չասացի, որովհետեւ նա դեմ կլիներ, եւ մինչեւ եզրափակիչ փուլ հասնելս նա տեղյակ չէր։ Այդ ժամանակ ես 16 տարեկան էի եւ նոր էի ընդունվել Բժշկական համալսարանի առաջին կուրս։ Գնացինք, մասնակցեցի, անցա բոլոր փուլերը եւ քանի որ հետ կանգնելու ճանապարհ չունեի, մինչեւ վերջ մասնակցեցի, հաղթեցի։ Հիշում եմ, քննության շատ լարված շրջան էր, բայց կարողացա ամեն ինչ համատեղել։
-Իմ մասնակցության տարում մրցույթի մասնակիցները շատ ընկերասեր էին եւ կան աղջիկներ, որոնց հետ մինչեւ օրս էլ կապի մեջ եմ։ Երբ պետք է շատ արագ փոխվեինք՝ բոլորս իրար օգնում էինք, մեր միջեւ հետկուլիսային մրցակցություն չի եղել, եղել է ընկերական, միասնական հարաբերություն։
-Մինչ «Միսս Հայաստանը» այլ մրցույթների մասնակցե՞լ եք, ունեցե՞լ եք մոդելային ասպարեզում աշխատելու փորձ։
-Ոչ, չեմ մասնակցել եւ որեւէ փորձ չեմ ունեցել։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք մրցույթից։
-Անկեղծ ասած՝ որեւէ ակնկալիք չունեի, պարզապես որոշեցի մասնակցել։ Անգամ չէի էլ պատկերացնում, որ որեւէ փուլ կանցնեմ, որովհետեւ մինչեւ ԲՈՒՀ ընդունվելիս երկու տարի պարապում էի, անընդհատ դասեր եւ այլն։ Ինձ համար պարզապես դա նորություն էր, հետաքրքիր էր փորձելը։
-Ի՞նչն է տպավորվել մրցույթից։
-Մրցույթն ինքնին տպավորիչ էր, այն վարում էր Հրանտ Թոխատյանը, շատ ջերմ եւ հումորային մթնոլորտ էր։ Այդ տարիներին ինձ շատ էին նմանեցնում դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին եւ երբ որպես հաղթող իմ անունը պետք է հայտարարեր, նա ասաց, որ հաղթող է ճանաչվել Ջուլիան։ Բոլորն արդեն հասկացան, որ խոսքն իմ մասին է… Ես չէի սպասում հաղթանակին, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված Արա Երնջակյանի կողմից։
-Մրցույթից հետո ի՞նչ դռներ բացվեցին Ձեր առջեւ։
-Մրցույթից հետո շատ առաջարկություններ ստացա արտրեկրի տարբեր հեղինակավոր մոդելային գործակալություններից, սակայն որոշել էի, որ պետք է շարունակեմ սովորել Բժշկական համալսարանում, ուստի մերժեցի դրանք։ «Միսս Եվրոպա» մրցույթին չմասնակցեցի՝ թեպետ ինքնաթիռի տոմսն արդեն գնված էր, բայց պատերազմ սկսվեց։ Մասնակցել եմ այլ տարբեր գեղեցկության մրցույթների Չինաստանում, Վրաստանում եւ այլն։ «Miss Tourism of the Globe» մրցույթում ճանաչվել եմ «Վիցցե Միսս»։ Մյուս մրցույթներում միշտ ընդգրկվել եմ հնգյակում եւ տարբեր տիտղոնսերի արժանացել։ Ռոստովի գեղեցկության մրցույթին մասնակցելիս առաջարկ ստացա մասնակցել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, սակայն այդպես էլ չմասնակցեցի։
-Երկար տարիների դադարից հետո այս տարվա սեպտեմբերի 24-ին Հայաստանում կրկին տեղի կունենա «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը։ Ձեր կարծիքով՝ մրցույթի անցկացման կարիքը կա՞ր։
-Իհարկե կա։ Գեղեցկությունը միշտ պետք է գնահատվի։ Ինքս շատ եմ սիրում շրջապատվել գեղեցիկ մարդկանցով, բոլորն էլ նկատում են, որ իմ ընկերուհիները շատ գեղեցիկ են, որովհետեւ ես իսկապես էսթետիկական հաճույք եմ ստանում դրանից։ Երբ ընտրում էի մասնագիտությունս, ասում էի՝ բոլորին ուզում եմ տեսնել առողջ եւ գեղեցիկ։ Այդպես էլ եղավ. փորձում եմ իմ աշխատանքով գեղեցկացնել բոլորին։ Մրցույթին մասնակցելով՝ աղջիկներն ինքնավստահություն են ձեռք բերում եւ, ինչու ոչ, իրենց առջեւ շատ դռներ են բացվում։ Յուրաքանչյուր աղջիկ, որքան էլ կոմպլիմենտներ ստանա, տիտղոսը նվաճելով՝ ավելի ինքնավստահ է դառնում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք մրցույթին մասնակցող աղջիկներին։
-Բոլորին խորհուրդ կտամ նպատակասլաց լինել՝ կապ չունի լինի դա մրցույթում, թե կյանքի այլ ասպարեզներում։ Պետք է հավատալ սեփական ուժերին, սիրել ու գնահատել սեփական անձը, միայն դրանից հետո բոլոր դռները կբացվեն իրենց առջեւ։