Մեդիա

Ինչու մասնակցեցի «Միսս Հայաստան»-ին եւ ինչ տվեց այն ինձ. Մարինա Վարդանյանի պատմությունը

Հունիսի 2, 2017

Wnews.am-ը գրում է.

Երկար դադարից հետո, այս տարի Հայաստանում կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» համահայկական գեղեցկության մրցույթը՝ Մշակույթի նախարարության, Սփյուռքի նախարարության  և «Փյունիկ» մարդկային ռեսուրների զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Միսս Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահը  «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009» Գոհար Հարությունյանն է։

Ներկայացնում ենք հարցազրույցների շարք՝ «Միսս Հայաստան»-ի թագը նվաճած գեղեցկուհիների հետ։

Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 2006» Մարինա Վարդանյանն է։ Մրցույթից մեկ տարի անց նա դադարեցրել է գործունեությունը մոդելային ասպարեզում, ամուսնացել է` իր ամբողջ ժամանակը նվիրելով նորաստեղծ ընտանիքին, եւ այսօր արդեն երկու երեխայի մայր է: Նրա դուստրը՝ 6, իսկ որդին՝ 3 տարեկան է։ Այժմ Մարինան ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում։

-Մարինա, ինչպե՞ս կայացրեցիք «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշումը, ո՞րն էր մասնակցության նպատակը։

-Մտերիմներս հաճախ ասում էին, որ մրցույթների մասնակցելու տվյալներ ունեմ, եւ քանի որ մոդելինգով էի զբաղվում, փորձեցի ուժերս նաեւ «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթում։ Մինչ «Միսս Հայաստան»-ը մի փոքր փորձ ունեի դպրոցում, ինչպես նաեւ «Միսս ուսանողուհի» մրցույթում, որտեղ նույնպես առաջին տեղն էի զբաղեցրել։ Մրցույթին մասնակցելու նպատակն էր ուժերս փորձել ավելի մեծ ու լուրջ մրցույթում։

–Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամներն ու մտերիմները։

-Ծնողներս երբեք դեմ չեն եղել մրցույթին մասնակցելու որոշմանս, քանի որ վստահում են ինձ։

-Ի՞նչ տվեց մրցույթին մասնակցությունը։ «Միսս Հայաստան» մրցույթից հետո ի՞նչ հնարավորություններ բացվեցին Ձեր առջեւ։

-Ամենակարևորը՝  «Միսս Եվրոպա» հեղինակավոր գեղեցկության մրցույթին մասնակցելու, նոր ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն։

     

-Հաղթանակը սպասելի՞ էր, ինչպե՞ս մյուս մասնակիցներն ընդունեցին Ձեր հաղթանակը։

-Իհարկե, ցանկություն ունեի հաղթելու, բայց հաղթանակը, կարծում եմ, երբեք չի կարող սպասված լինել։ Շատ մեծ անակնկալ էր ինձ համար հաղթանակս։

–Հայաստանում այս տարի կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։ Արդյո՞ք տեսնում եք դրա անհրաժեշտությունը։ Ի՞նչ խորհուրդ կտաք մրցույթին մասնակցող աղջիկներին։

-Շատ ուրախ եմ, որ այս տարի կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» համահայկական գեղեցկության մրցույթը։ Լավ կլիներ, որ դա ավանդույթ դառնար եւ ամեն տարի անցկացվեր։ Մենք շատ գեղեցիկ հայուհիներ ունենք, հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին։ Հուսամ, որ շատ շուտով Հայաստանի դրոշը կծածանվի «Միսս տիեզերք» հեղինակավոր մրցույթի բեմում։
 «Միսս Հայաստան 2017» մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։