Մեդիա

Ինչու մասնակցեցի «Միսս Հայաստան»-ին եւ ինչ տվեց այն ինձ. Անգելինա Բաբաջանյանի պատմությունը (Photo)

Հունիսի 6, 2017

Wnews.am-ը գրում է.

Երկար դադարից հետո, այս տարի Հայաստանում կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» համահայկական գեղեցկության մրցույթը՝ Մշակույթի նախարարության, Սփյուռքի նախարարության  և «Փյունիկ» մարդկային ռեսուրների զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Միսս Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահը  «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Miss globe 2009» Գոհար Հարությունյանն է։

Ներկայացնում ենք հարցազրույցների շարք՝ «Միսս Հայաստան»-ի թագը նվաճած գեղեցկուհիների հետ։

Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանն է։

Անգելինան հաղթող է ճանաչվել նաեւ «Միսս Անդրկովկաս» մցրույթում։ Նա այժմ ամուսնացած է եւ զբաղվում է իր երեք երեխաների դաստիարակությամբ։

-Ինչպե՞ս կայացրիք «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշումը, ո՞րն էր մասնակցության նպատակը։

-Այդ ժամանակ մայրիկիս հետ Թբիլիսիի հայկական թատրոնի հյուրախաղերով գտնվում էի Հայաստանում։ Անկեղծ ասած մրցույթին որոշեցի մասնակցել առանց որեւէ նպատակ հետապնդելու, 17 տարեկանում նպատակներս այլ էին։

-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամներն ու մտերիմները։

-Տան անդամները շատ հանգիստ վերաբերվեցին այդ ամենին եւ մաղթեցին հաջողություն, իսկ ընկերներիս եւ մտերմիների համար իմ մասնակցությունն անակնկալ էր։

-Ի՞նչ տվեց մրցույթին մասնակցությունը։ «Միսս Հայաստան» մրցույթից հետո ի՞նչ հնարավորություններ բացվեցին Ձեր առջեւ։

-Մրցույթը հնարավորություն տվեց մասնակցել եւ Հայաստանը ներկայացնել տարբեր երկրների միջազգային գեղեցկության մրցույթներում։

-Հաղթանակը սպասելի՞ էր, ինչպե՞ս մյուս մանսակիցներն ընդունեցին Ձեր հաղթանակը։

-Չգիտեմ՝ սպասելի էր, թե ոչ, բայց վերջին վայրկյաններին բեմի վրա հաղթանակը ցանկալի է դառնում։ Մյուս մասնակիցները շատ բարի գտնվեցին, շար երկար եւ անդադար ծափահարություններով ընդունեցին իմ հաղթանակը։

-Ի՞նչն է տպավորվել մրցույթից։ Ի՞նչ զգացողություններ ունեիք։

-Մրցույթը շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Ի դեպ, ասեմ, որ  1996-97-98 մրցույթներն ինձ համար անկրկնելի էին։ Հզոր մարդկանց ժյուրիի անդամներով, գեղեցիկ ռեժիսուրայով, սցենարով, գույներով եւ երաժշտությամբ։ Այդ ամենի համար շնորհակալ եմ Արա Երնջակյանին եւ Կամերային թատրոնի անձնակազմին։

-Ինչպե՞ս էին այդ տարիներին վերաբերում նման մրցույթին, ըստ Ձեզ, այժմ վերաբերմունքը փոխվե՞լ է։

-Կարծում եմ՝ վերաբերմունքը չի փոխվել։ Պահանջներն են ավելացել։

-Հայաստանում այս տարի կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։ Արդյո՞ք տեսնում եք դրա անհրաժեշտությունը։

-Այո, ինչու ոչ։ Եթե մենք ունենք հայ աղջիկներին աշխարհին ներկայացնելու հնարավորություն։

–Ի՞նչ խորհուրդ կտաք մրցույթին մասնակցող աղջիկներին։
-Հայ աղջիկներին մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակ։ Իսկ որպես խորհուրդ կասեմ, որ միջազգային մրցույթներին վստահ եւ համարձակ լինեն, քանի որ հայ աղջիկներն աշխարհի ամենագեղեցիկն են։