Մեդիա

«Միսս Հայաստան» մրցույթի հայտերն արդեն ընդունվում են

Մայիսի 25, 2017

armtimes.com-ը գրում է.

«Միսս Հայաստան 2017» մրցույթի հայտներն արդեն ընդունվում են: Մինչեւ հուլիսի 15-ը բոլոր հայ աղջիկները Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից եւ սփյուռքից կարող են իրենց դիմումներն ուղարկել Missarmenia.org կայքի միջոցով: Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած Գոհար Հարությունյանը ներկայացրեց մրցույթի հիմնական նպատակը եւ այլ մանրամասներ:

«Մենք հիմնել ենք գեղեցկության մրցույթներով զբաղվող միանգամայն նոր կառույց՝ «Միսս Հայաստանը»: Նպատակն է Հայաստանում անցկացնել ամենամյա, կայուն գեղեցկության մրցույթներ եւ ամենակարեւորը, որ Հայաստանի գեղեցկուհուն միջազգային ամենահեղինակավոր մրցույթներ՝ «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք», ուղարկելու հնարավորություն ունենանք»,- ասաց նա:

Մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան չամուսնացած աղջիկները: Երեւանի աղջիկների համար նախընտրական փուլերը կանցկացվեն Երեւանում, մարզերի աղջիկների համար՝ մարզերում, սփյուռքի աղջիկների համար՝ առցանց: Նախընտրական փուլերը լինելու փակ, չի լինելու ոչ մի տեսանկարահանում, իսկ դիմում-հայտերը հասանելի են լինելու միայն կազմկոմիտեի անդամներին: Մասնակիցների արտաքին տվյալների հետ կապված մրցույթի չափանիշները շատ խիստ չեն:

«Մասնակցել կարող են 17-26 տարեկան չամուսնացած աղջիկները: Մնացած համաչափությունները մենք չենք կոնկրետացնում, քանի որ կարծում ենք, որ գեղեցկությունը համաչափության, ինտելեկտի եւ ներքին գեղեցկության ամբողջության մեջ է, ընտրությունն այդպես է կատարվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ հասակի հետ կապված շատ խիստ չեն լինելու:

Նախնական փուլերում ընտրվելու են 20-25 աղջիկներ, որոնք մասնակցելու են սեպտեմբերի 15-ին կայանալիք եզրափակչին: Եզրափակչի ժյուրիի կազմը դեռ հայտնի չէ: Ինչպես նշեց Գոհար Հարությունյանը, նույնիսկ ժյուրիներն իրենք իրենց ժյուրիի անդամ լինելու մասին իմանալու են մրցույթից եզրափակչից հաշված օրեր առաջ, որպեսզի մասնակիցները ծանոթ-բարեկամ տարբերակով նրանց որոշումների վրա ազդեցություն ունենալու հնարավորություն չունենան:

Գոհար Հարությունյանն ընդգծեց, որ կարող են մասնակցել անգամ ամենաանապահով ընտանիքների աղջիկները, քանի որ մրցույթը հոգալու է ֆինանսական բոլոր ծախսերը: Մասնակիցներին տրամադրվելու է հյուրանոց, բեմական հագուստ, կոշիկներ: Բացի այդ՝ «Միսս Հայաստանը» փորձելու է ամեն ինչ անել, որ մրցանակային ֆոնդը հնարավորինս մեծ լինի:

Այս շրջանում «Միսս Հայաստանը» նաեւ բանակցություններ է վարում, որպեսզի մրցույթի հենց առաջին տարվանից հաղթողը համաշխարհաին հեղինակավոր մրցույթներին մասնակցելու իրավունք ստանա:

«Միսս Հայաստան» մրցույթին աջակցում են ՀՀ Սփյուռիք եւ Մշակույթի նախարարությունները: