Մեդիա

Ինչ չափանիշներով կընտրվի «Միսս Հայաստան 2017»–ը. մանրամասներ

Մայիսի 25, 2017

Tert.am Life–ին իր ընթերցողներին հայտնել է, որ սեպտեմբերի 15–ին կանցկացնի նոր «Միսս Հայաստան», որը նախաձեռնել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը։ Նրա նպատակն է ազգային մրցույթի հաղթողին ուղարկել նաև «Միսս Աշխարհ», «Միսս Տիեզերք» մրցույթներին են։

5 տարվա դադարից հետո «Միսս Հայաստանը» կանցկացվի նոր կազմկոմիտեով` Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։ Մրցույթին կմասնակցեն աղջիկներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ Սփյուռքից։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը հայտնեց, որ նախնական մրցույթին կմասնակցեն բոլոր ցանկացողները, սակայն հանրությունը չի տեսնի, թե ովքեր են մասնակցել նախընտրական փուլերին։ Նրանցից կընտրվեն 20-25 աղջիկ, որոնք էլ կներկայացվեն հանրությանը։

Մրցույթի ժյուրիի կազմը վերջնական հայտնի չէ։ Հնարավոր է այստեղ ներգրավված լինեն նաև  նախկինում «Միսս Հայաստանի» կոչմանն  արաժանացած գեղեցկուհիներ, սակայն դա դեռևս հստակ չէ։ Նա հայտնեց, որ ժյուրիի կազմը գաղտնի է մնալու։

Ըստ Գոհարի` «Միսս Հայաստանի» չափանիշները միանշանակ չեն։ 90-60-90, բարձր հասակ և այլ չափորոշիչները կարևոր չեն, քանի որ հնարավոր է` միջահասակ աղջիկը շատ համաչափ մարմին ունենա։ Աղջիկների պլաստիկ վիրահատությունները հաշվի չեն առնվելու։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ գեղեցկության մրցույթներին կարող են մասնակցել պլաստիկ վիրահատությունների դիմած աղջիկներ։

Այնուամենայնիվ, կազմակերպիչները կարևորում են, որ ամեն ինչ չափի մեջ լինի։ «Նախընտրական փուլում աղջկա շպարը, հագուստը նշանակություն չի ունենալու։ Երբեմն, կարծում են, թե զարդարանքներ կրելը մեծ առավելություն է։  Մեզ համար կարևոր է բնական տեսքը»,– նկատեց հիմնադրամի խորհրդի անդամ Գևորգ Շադոյանը։

Ինչ վերաբերում է մրցույթի մրցանակային ֆոնդին` Գոհարը հայտնեց, որ աշխատում են, որպեսզի լինի մրցանակային մեծ ֆոնդ, դրամաշնորհներ։ «Արդեն իսկ կան հետաքրքրված գործընկերներ։ Մեր խորհրդի անդամ Գևորգ Շադոյանը բավականին լավ նվեր է պատրաստել։ Հուսանք` մինչև վերջին օրը նվերների ցանկը կընդլայնվի»,– ասաց նա։

«Միսս Հայաստանը» տարիներ շարունակ ունեցել  է այլ կազմակերպիչներ։ Կազմակերպման որոշ անհաջող փորձեր հեղինակազրկեցին մրցույթը։ Վերջին անգամ այն անցկացվել է 2012 թվականին։ Ըստ որոշ խոսակցությունների` նախկին կազմակերպիչները ևս պատրաստվում են այս տարի անցկացնել «Միսս Հայաստան»։

Tert.am Life–ի հարցին` հիմնադրամը վերահսկողություն ունի՞, որպեսզի միայն իրենք անցկացնեն մրցույթը, Գոհարը  պատասխանեց, որ իրենք չեն խոչընդոտելու որևէ մեկին։ «Իրենք իրավունք ունեն անցկացնել մրցույթը։ Պարզապես, մենք ուզում ենք «Միսս Հայաստանը» բերել այլ մակարդակի։ Մեր երկրի համար շատ վատ է, որ մրցույթը կայուն չի անցկացվում։ Ամեն դեպքում, մեր ազգաբնակչությունն այնքան մեծ չէ, որ լինեն բազմաթիվ մրցույթներ, բավական է մեկ նորմալ մրցույթը»,– նշեց նա։

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն էլ նկատեց, որ իրենք անհատների իրավունքների վրա բռնանալու ցանկություն և հնարավորություն չունեն։ «Մենք պետք է հասնենք նրան, որ փոքրիկ կառույցներն իրենք  գան և միավորվեն «Միսս Հայաստան» համահայկական  կառույցին։

Հիմնադրամը կհամակարգի հայ աղջիկների մասնակցությունը միջազգային մրցույթներին։ Գոհարը նկատեց, որ շատերն հիմա այնպիսի մրցույթների են գնում, որ, անգամ, պաշտոնական կայք չունեն։ Գալիս, ասում են` հաղթել ենք, բայց ոչ մի տեղ պաշտոնապես գրված չէ այդ մասին,  փաստ չկա։

Միջազգային մրցույթներին Հայաստանը կներկայացի ոչ միայն «Միսս Հայաստան» տիտղոսակիրը, այլև աղջիկներ տասնյակից. «Ես իմ փորձով կարող եմ ասել, որ 1997 թվականին գրավեցի երկրորդ տեղը, սակայն միջազգային երկրորդական  մրցույթների մասնակցելով, փորձ ձեռք բերելով, բեմին ծանոթանալով` կարողացա վերադառնալ «Միսս Հայաստան» մրցույթ և հաղթել հաջորդ տարի։ Մենք աղջիկներին հնարավորություն կտանք գնալու, փորձելու, ներկայանալու, արտաքին փոփոխություններ անելու։ Պարտադիր չէ պլաստիկ վիրահատությունների դիմել, կարող է ատամնաշարը շտկել կամ այլ փոփոխություններ անել»։